Բրիտանական BP-ի (Բրիթիշ պետրոլիում) մասնագետները հայտարարել են, որ կարողացել են հերմետիկորեն փակել Մեքսիկական ծոցում գտնվող վնասված նավթային բացվածքը: Այնտեղ հատուկ խառնուրդ են լցրել, որի արդյունքում ճնշումն ամբողջությամբ հսկողության տակ է գտնվում: Հետագայում բացվածքը ցեմենտով փակվելու է: Սպասվում է, որ այս գործողությունը կավարտվի օգոստոսի կեսերին:
«Մենք հրաշալի նորություն ենք ստացել, որ նավթի արտահոսքը դադարեցնելուն ուղղված օպերացիան անցել է հաջող: Բացի այդ, մեր գիտնականները հայտնել են, որ օվկիանոսը լցված նավթի հիմնական մասի ազդեցությունը չեզոքացվել է քիմիական նյութերի օգնությամբ, կամ պոմպերով դուրս է բերվել ջրից: Մենք ուրախ ենք, որ Մեքսիկական ծոցում վթարի վերացման դեմ պայքարը մոտ է ավարտին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ամերիկացի մասնագետների կարծիքով, արտահոսած նավթի միայն 26 տոկոսն է մնացել Մեքսիկական ծոցում: Վթարը Deepwater Horizon պլատֆորմում տեղի է ունեցել այս տարվա ապրիլին: Այս ընթացքում օվկիանոս է հոսել շուրջ 5 միլիոն բարել նավթ: Սա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ էկոլոգիական աղետն է:



























