Օգոստոսին Անկարայում համաձայնագիր կստորագրվի Nabucco գազամուղի շինարարությանն աջակցելու վերաբերյալ: Փաստաթուղթը կստորագրեն Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի նախարարները: Ինչ վերաբերում է մատակարարումների ու ֆինանսավորման հետ կապված խնդիրներին, դրանք նախատեսվում է լուծել 2010-ի ընթացքում եւ 2011-ի սկզբին:

Ներկայումս Nabucco-ի բաժնետերերը մատակարարումների շուրջ բանակցություններ են վարում Ադրբեջանի եւ Իրաքի, ինչպես նաեւ Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ: Բանակցությունների հաջող ավարտի պարագայում Nabucco-ի երկարությունը 3 300 կմ-ից կաճի 4 000 կմ-ի, ինչի արդյունքում նախագծի արժեքը 10 տոկոսով կմեծանա:

Նշենք, որ Nabucco գազատարի շինարարության համար, որով Կասպիական գազը Թուրքիայի եւ Բալկանների տարածքով պետք է հասցվի Կենտրոնական Եվրոպա, ստեղծվել է Nabucco Gas Pipeline İnternational GmbH կոնսորցիումը:

Ներկայումս այդ կոնսորցիումում ընդգրկված են 6 ընկերություններ OMV (Ավստրիա), MOL (Հունգարիա), Transgaz (Ռումինիա), Bulgargaz (Բուլղարիա), BOTAS (Թուրքիա), RWE Gas Midstream (Գերմանիա): Նրանցից յուրաքանչյուրի բաժինը կազմում է 16,67 տոկոս: Բաժնետերերը կֆինանսավորեն նախագծի 1/3-ը, իսկ մնացածը` վարկային կազմակերպությունները: Նախագծի արժեքը կազմում է 7,9 մլրդ. Եվրո: Nabucco-ի թողունակությունը կկազմի տարեկան 31 մլրդ խմ: Գազամուղով գազը կսկսի հոսել 2013 թվականին: