Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունն այցելել է Թեհրանի համալսարանի Կովկասագիտության կենտրոն, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին եւ ծրագրերին, հանդիպում ունեցավ աշխատակազմի հետ:
Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Իրանի ԱԳՆ դիվանագետներ, Հայաստանում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարին ելույթ են ունեցել Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Գրիգոր Առաքելյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:
Այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, իսկ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ քննարկվել են կրթական, գիտահետազոտական եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին:




























