Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն այսօր` օգոստոսի 5-ին խոստովանել է, որ Գառնու ձորում գտնվող «քարերի սիմֆոնիայի» քարերով ինքն առանձնատուն է կառուցում: Միայն թե, նա գնում, քարերի տակ սպասում է, թե երբ «քարերի սիմֆոնիայից» քար կընկնի, որ տանի օգտագործի:
«Գառնու ձորում գտնվող քարերի սիմֆոնիային ոչ ոք ձեռք չի տվել առանձնատուն կառուցելու համար: Առանձնատունը կառուցվել է ձորում թափված քարերից եւ դրա համար պետք է միայն շնորհակալ լինել Փարավոն Միրզոյանին, որ նա ելքը գտավ այդ քարերը ճիշտ օգտագործելու։ Մինչեւ այդ էլ (Գառնու) բնակիչներն այս քարերն օգտագործում էին հատակի համար, միայն թե ես մտածեցի, որ դրանք կարող են լինել նաեւ պատերի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվում Փարավոն Միրզոյանին եւ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանին նման առանձնատուն կառուցել, այն դեպքում, երբ մշակույթը չի զարգանում հատկացվող չնչին գումարների պատճառով, նկարիչն իր մասին երրորդ դեմքով խոսելով, ասաց. «Հենց Գեղամը եւ Փարավոն Միրզոյանը պետք է կառուցեն, որովհետեւ նրանք հոնորարներ են ստանում եւ արվեստի գործեր են ստեղծում։ Նրանք ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ նրանց առաջարկում են։ Նրանք իրենց արվեստով եւ ստեղծագործության հիման վրա են կառուցում»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում անընդհատ շրջանառվում է այն տեղեկությունը, թե Գառնու քարերի սիմֆոնիայից քարեր են պոկում եւ դրանով կառուցում Փարավոն Միրզոյանի առանձնատունը: Ըստ էության, նա հաստատեց այս տեղեկությունը:




























