Երեւանում կեղծել են արտասահմանյան «Բրիոնի», «Ստեֆանո Ռիչի», «Զիլի», «Բիլիոներ» ապրանքանիշերը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 4-ին Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում գործող «Կառլո Կոմբերցի» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարում, ինչպես նաեւ նույն ընկերության տնօրեն Վաղարշակ Մուրադյանին պատկանող, Տիչինայի 57 հասցեում գտնվող սեփական տան առաջին հարկում ապօրինի գործող կոշիկի եւ կաշվե այլ պարագաների արտադրամասում, արձանագրվել են «Բրիոնի», «Ստեֆանո Ռիչի», «Զիլի», «Բիլիոներ» եւ այլ արտասահմանյան ապրանքային նշաններով մակնշված թանկարժեք կոշիկներ, թեւատակի պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ, կեղծված այլ պարագաներ:
Առեւտրի տաղավարում եւ արտադրամասում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ` 103 զույգ կոշիկ եւ երեք բաճկոն:
Իրականացված միջոցառումներով պարզվել է, որ Վաղարշակ Մուրադյանը արտադրությունը կազմակերպել է 2013 թվականի օգոստոսից` առանց ապրանքային նշանների իրավատերերի թույլտվության, հաշվապահական հաշվառման փաստաթղթերով չի արտացոլել արտադրական գործունեությունը, արտադրության համար օգտագործվող կաշին, հումքն ու նյութերը ձեռք է բերել առանց համապատասխան փաստաթղթերի եւ 12 միլիոն 360 հազար դրամի չափով թաքցրել է իրացման իրական ծավալները, որով չարամտորեն խուսափել է հարկային պարտավորություններ կատարելուց:











