Խտասկավառակների առեւտրի հանդեպ պահանջները հարկավոր է մեղմացնել: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում հայտարարեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Եղիազարյանը՝ ներկայացնելով խտասկավառակների վրա պարտադիր հոլոգրամների չեղարկման մասին օրինագիծը:

Ի պատասխան, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ ժամանակին հոլոգրամները ներդրվել են՝ տեղական կատարողների հեղինակային իրավունքներին հետեւելու համար: «Թե չէ՝ հենց նրանք ինչ-որ բան երգում են, հինգ րոպե անց, առանց նրանց գիտության, սկավառակները հայտնվում են բոլոր խանութներում»,- հավելեց նա:

«Այդպես է, բայց սկավառակների առեւտուրը, միեւնույն է, անկում է ապրում: Որքան խանութներ են փակվել: Գոնե հիմա թեթեւացնենք նրանց աշխատանքը»,- հայտարարեց Եղիազարյանը: «Եվ ինչ, առաջարկում եք նրանց վախճանից առաջ շո՞ւնչ առնել»,- պատասխանեց Այվազյանը:

Օրինագիծն ընդլայնված օրակարգում ներառվելու եւ նորից քննարկվելու է մի քանի ամիս անց: