Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դրամի փոխարժեքը կրկին արժեւորվել է՝ 1 դոլարն արժեցել է 365 դրամ, երեկվա 367-ի համեմատ։ Իրականացվել է 4,2 մլն դոլարի առք եւ վաճառք։ Իրավիճակը աժիոտաժային համարել չի կարելի, սակայն դրան շատ մոտ է։ Զուտ տնտեսական գործոններով պայմանավորված՝ արժեւորման նախադրյալներ չկան։ Սակայն հայկական դրամի փոխարժեքի վրա, ինչպես հայտնի է, տնտեսական գործոնները ունեն նվազագուն ազդեցություն։ Մենք ունենք 1,2 մլրդ դոլարի արտաքին առեւտրի դեֆիցիտ, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 37 տոկոսը, ինչը միջազգային չափանիշներով աննորմալ բարձր ցուցանիշ է։ Նույնիսկ ԱՊՀ-ում չկան երկրներ, որտեղ արտաքին առեւտրի դեֆիցիտը գերազանցի ՀՆԱ 20 տոկոսը։ Ընդ որում՝ արտաքին առեւտրի դեֆիցիտը անընդհատ աճի միտում ունի։ Նման պայմաններում ցանկալի կլիներ, որ դրամը արժեզրկվի՝ տեղական արտադրությանը ինչ-որ կերպ փրկելու համար։ Բայց դրամը նման է այն փայտիկին, որ անընդհատ հայտնվում է փոս գլորվողի գլխավերեւում՝ թույլ չտալով նրան ոտքի կանգնել եւ փոսից դուրս գալ։

Հետաքրքիր է, որ դրամի արժեւորումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ առեւտրային բանկերը ունեն արժեզրկման սպասումներ։ Ըստ առեւտրային բանկերի կանխատեսումների՝ սեպտեմբերին դրամը միջին հաշվով ԱՄՆ դոլարի նկատմամբ կարժենա 372.95: Խոշորագույն 5 բանկերի կարծիքով՝ փոխարժեքը 2010 թ. սեպտեմբերին կկազմի 373.01 դրամ: Ինչ-որ առումով առեւտրային բանկերի մեծ մասը շահագրգռված է դրամի արժեզրկմամբ, քանի որ ունեն արտարժույթով արտահայտված մեծաքանակ ակտիվներ, եւ որի հետեւանքով արժեւորումից պարզապես վնասներ են կրում։

Բանկերի ակտիվների եւ պարտավորությունների դոլարայնացումը մեծ թափ ստացավ անցյալ տարվա սկզբներին, երբ Կենտրոնական բանկը վարում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն։ Դրա հետեւանքով բանկերում կուտակվեց մոտ 600 մլն դոլարի լիկվիդայնություն։ Մինչ այսօր էլ այդ դոլարային ավելցուկը ճնշում է ֆինանսական շուկան՝ ստեղծելով դրամի նկատմամբ պահանջարկի կեղծ էֆեկտներ։ Մյուս կողմից՝ բնակչությունը սկսել է մեծ քանակությամբ խնայողություններ նետել շուկա՝ պայմանավորված ամառային հանգստի կազմակերպման հետ։ Նվազագույն հաշվարկներով՝ ՀՀ բնակչությունը ամառային հանգիստը կազմակերպելու համար ծախսելու է մոտ 200 մլն դոլար։  Արդյունքում՝ շուկայում անընդհատ հայտնվում են լրացուցիչ դոլարներ, որոնք ոչ ոքի պետք չեն՝ ՀՀ տնտեսությունը թեւակոխել է պասիվ սպառման շրջան։
Ամենայն հավանականությամբ՝ դրամը առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կշարունակի լողալ 360-370 միջակայքում, եթե ԿԲ-ն որեւէ կերպ չմիջամտի։ Իրավիճակն այնքան հեղհեղուկ է, իսկ սպասումներն՝ այնքան անորոշ, որ ԿԲ ցանկացած լուրջ միջամտություն փոխարժեքի վրա էական ազդեցություն կթողնի։ Բայց առայժմ ԿԲ-ն սպասողական դիրքորոշում ունի, ինչը նույնիսկ խրախուսելի է։

Սամվել Ավագյան