Առաջիկայում Ադրբեջանի հետ պատերազմ չի լինի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Դաշնակցություն կուսակցության «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանը իրեն կարող է թույլ տալ պատերազմ սկսել երկու դեպքում, կամ երբ վստահ է իր հաղթանակի մեջ, կամ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերը հաշվի առնելու»,- հայտարարել է Մանոյանը՝ նկատելով, որ վերջին դեպքում ֆորս-մաժորային իրավիճակ կլինի, այսպես կոչված «վերջին հույսի խախտում», որով Բաքուն կփորձի ինչ-որ բան փոխել: Ըստ գործչի, երկու տարբերակն էլ ներկայումս անիրականանալի են:

Դիտարկմանը, թե Ադրբեջանում աճել են ռազմատենչ հայտարարությունները, ավելացել է զենքի գնումը, Ադրբեջանը C-300-ներ է գնում եւ 18-ից 45 տարեկան անձանց արգելում դուրս գալ երկրից, «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը նշել է, թե այդ ամենը ներքին սպառման համար են:

«Նրանք ուզում են հասկացնեն, որ ինչ-որ լուրջ բանի են պատրաստվում եւ չի կարելի այսօր փոխել գործող կառավարության կազմը: Նրանք ուղղակի ուզում են պահպանել իշխանությունը»,- վստահ է Մանոյանը: