Շարունակվում է ճգնաժամը Թուրքիայի քաղաքական ու զինվորական  ղեկավարությունների միջեւ` կապված այդ երկրի Զինված ուժերի ղեկավար կազմում նոր նշանակումների հետ:

Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի արդեն մի քանի օր շարունակվող նիստերում խորհրդի զինվորական թեւը Ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում առաջադրել է առաջին դաշտային բանակի հրամանատար Հասան Ըղսըզին: Սակայն, երկրի վարչապետի կողմից գլխավորվող քաղաքական թեւը, նշելով, որ Ըղսըզի անունը հիշատկվում է մի շարք քրեական գործերով, դեմ է հանդես եկել նրա թեկնածությանը: Նրա փոխարեն Էրդողանն առաջարկել է ժանդարմերիայի հրամանատար Աթիլլա Ըշըքի թեկնածությունը, սակայն վերջինս անսպասելիորեն այսօր թոշակի գնալու դիմում է գրել:

Այս նորությունը պաշտոնական Անկարային շոկի մեջ է գցել: Նշվում է, որ բանակի գեներալ Աթիլլա Ըշըքը գնացել է այդ քայլին, որպեսզի չխանգարի Հասան Ըղսըզի հեռանկարին, միաժամանակ ցույց տալով, որ ուժայինները միասնական են:

Նշենք, որ Թուրքիայի Զինված ուժերի պետը ընտրվում է Բարձրագույն ռազմական խորհրդում` 2 տարի ժամանակով: Նրա թոշակի գնալու դեպքում, այդ պաշտոնում նշանակվում է Ցամաքային զորքերի հրամանատարը: Ներկայումս, լրացել է Գլխավոր շտաբի պետի` Իլքեր Բաշբուղի կենսաթոշակային տարիքը: Ցամաքային զորքերի հրամանատար Ըշըք Քոշաների Գլվավոր շտաբի պետի պաշտոնում նշանակման հարցը որոշված է: Հիմնական վեճն ընթանում է Ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնի շուրջ: