Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մեկնաբանել է երկրի Համադան քաղաքում իր ավտոշարասյան ուղղությամբ նետված պայթուցիկ առարկայի հետ կապված միջադեպը: Նա հայտարարել է, որ Իրանի «թշնամիները» այդ անմեղ միջադեպը ուռճացրեցին, ներկայացնելով որպես մահափորձ:
«Նախօրեին Համադան կատարած այցելության ժամանակ ինչ-որ մեկը ուրախության պահին կառավարական ավտոշարասյան վրա ճայթռուկ է նետել»,- ասել է Ահմադինեջադը, հավելելով, որ դա բացարձակապես ուշադրության արժանի դեպք չէ: «Բայց մեր թշնամիները տարածեցին, թե Ահմադինեջադին, իբր, մահափորձից հետո գաղտնի վայր են տեղափոխել»,- ասել է նա:
Իրանի նախագահի կարծիքով, նման կեղծ տեղեկությունները տարածում են չարակամները, որպեսզի «աշխարհը չլսի իրանական առաջնորդի ուղերձները»: Հատկանշական է, որ այդ դեպքից 2 օր առաջ Ահմադինեջադը հայտարարել էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները վարձու մարդասպաններ են ուղարկել իր հետեւից: «Հիմար սիոնիստները վարձել են մարդկանց, որպեսզի սպանեն ինձ»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ, ըստ լրատվամիջոցների, օգոստոսի 4-ին Իրանի նախագահի ավտոշարասյան ուղղությամբ նռնակ է նետվել, որը դիպել է լրագրողների մեքենային եւ կան վիրավորներ: Նշվում էր նաեւ, որ չարագործը ձերբակալվել է: Սակայն Ահմադինեջադը հաջողությամբ ավարտել է իր դասախոսությունը եւ որեւէ կերպ չի հիշատակել «ահաբեկչության» մասին:
Ավելի ուշ, Իրանի նախագահի վարչակազմին հղում անելով, Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել է, որ իրականում Ահմադինեջադի ավտոշարասյան ուղղությամբ նետվել է ոչ թե նռնակ, այլ ճայթռուկ:




























