Հունիսի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց իրանական «FarsNews» լրատվական գործակալություն եւ ծանոթացավ կազմակերպության աշխատանքներին, հանդիպեց տարբեր ստորաբաժանումների մասնագետների եւ աշխատակիցների հետ:
Հանդիպում տեղի ունեցավ դեսպան Թումանյանի եւ «FarsNews»-ի գլխավոր տնօրեն Սեյյեդ Նեզամեդդին Մուսավիի միջեւ, որին մասնակցում էին նաեւ գործակալության առաջատար լրագրողները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու ժողովուրդների ընդհանուր պատմական անցյալի, խորը մշակութային կապերի եւ երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցեր:
Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց լրատվական բնագավառում փոխհարաբերությունների վիճակին, քննարկվեցին արդյունավետ համագործակցության հաստատման հնարավորությունը:
Գլխավոր տնօրեն Մուսավին պատրաստակամություն հայտնեց Իրանում ընդունելու հայկական լրատվական պատվիրակությունների` Հայաստանում համապատասխան ներկայացուցչություն ստեղծելու, առանձին հայկական լրատվական գործակալությունների հետ համագործակցելու համար: Նա նաեւ առաջարկեց անհրաժեշտության դեպքում օգտվել «FarsNews» լրատվական գործակալության հնարավորություններից՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրության:
Հանդիպման վերջում դեսպան Թումանյանը հարցազրույց տվեց «FarsNews» լրատվական գործակալությանը:





























