British Petrolium ընկերությունը հաղորդել է, որ Մեքսիկական ծոցում վթարային նավթահորը ցեմենտել են: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Հատուկ խառնուրդի ներմղումը տեւել է 5 ժամ: Մեքսիկական ծոցում վթարային-փրկարարական աշխատանքների ղեկավար Թեդ Ալենը հայտարարել է. «Սա դեռ ամեն ինչ չէ, սակայն փաստացի մենք կարող ենք վստահ լինել, որ նավթը չի արտահոսում»:

Ներկայումս BP-ի աշխատակիցները նավթահորի ստուգումներ են իրականացնում, որ համոզված լինեն ձեռնարկած միջոցների հուսալիության մեջ:

Ավելի վաղ BP ընկերության մասնագետները հաջողությամբ ավարտել էին նավթահորի հերմետիկացման աշխատանքները՝ հատուկ խառնուրդ լցնելով, որը նավթը հետ է մղել դեպի հորը: Ենթադրվում է, որ ցեմենտումը թույլ կտա ամբողջությամբ դադարեցնել նավթի արտահոսքը:

Արտահոսքի վերացումից հետո BP-ն շարունակելու է նավթի հավաքումը ջրի մակերեւույթից: Համաձայն վերջին տվյալների, ընկերությունը Մեքսիկական ծոցում հավաքել է 800 հազար բարել նավթ: Ջրում է մնում դեռ 1,7 միլիոն բարել նավթ:

Ընկերությունը նաեւ 303 մլն դոլար փոխհատուցում է վճարել բնապահպանական աղետից տուժածներին, ավելի քան 40 հազար մասնավոր անձանց եւ ընկերություններին: