Մեր նպատակն ու հիմնական խնդիրը Հայաստանի խաղաղ երկինքն է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է «Էրեբունի» ավիացիոն բազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը (ֆոտոռեպորտաժ)։
Հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրվա միջոցառումների շեմին «Էրեբունի» ավիաբազայում բաց դռների օր է եղել։ Միջոցառմանը ներկա են եղել ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչներ՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հյուրեր։
Ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը բարձր է գնահատել հայ գործընկերների հետ համագործակցությունը եւ միաժամանակ ներողություն խնդրել Երեւանի բնակիչներից օդային փորձարկումների ժամանակ պատճառած անհանգստության համար։ «Ներողություն եմ խնդրում, որ աղմուկ ենք հանում առավոտյան, որ աղմկում ենք նաեւ գիշերը։ Բայց դա արվում է անվտանգությունը պաշտպանելու նպատակով, որպեսզի նման տոներին հանդիպենք եւ շփումից հաճույք ստանանք։ Մեր նպատակն ու հիմնական խնդիրը Հայաստանի խաղաղ երկինքն է»,- ասել է նա։





























