Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը հայտարարել է, թե քրդերի կյանքի անվտանգության բացակայության դեպքում, Էրդողանի կյանքի անվտանգությունը եւս վտանգված է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Իզմիրի նահանգային գրասենյակի կողմից կազմակերպված հանրահավաքին, որն ուղղված էր ընդդեմ սեպտեմբերի 19-ի սահմանադրական հանրաքվեի, մասնակցել են հիշյալ կուսակցությունից Սըրրը Սաքըքը, փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքը եւ նախկին պատգամավոր Այսել Թուղլուքը։
Մուշից ընտրված քուրդ պատգամավոր Սըրրը Սաքըքը քննադատել է վերջին շրջանում Բուրսայի Ինեգյոլի շրջանում եւ Հաթայի Դորթյոլի շրջանում քրդերի նկատմամբ թուրքերի իրականացրած հարձակումները՝ նշելով. «Եթե քրդերի կյանքի եւ գույքի անվտանգություն չկա, վարչապետի եւ զինուժերի գլխավոր շտաբի պետի կյանքի անվտանգությունն էլ չկա։ Սա սպառնալիք չէ, այլ՝ իրավիճակի հաստատում»:




























