Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը 50 մլն դոլար է տալու Հայաստանին՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական բարեփոխումներին:
Օգոստոսի 6-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, եւ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքել են երկու Օժանդակության համաձայնագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
Տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչեւ 30 մլն դոլարի ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ եւ բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Ծրագիրը կբարձրացնի փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակությունը երկրի զարգացման համար հեռանկարային ոլորտներում:
Առողջապահական եւ սոցիալական բարեփոխումների Օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ն Հայաստանին կտրամադրի մինչեւ 20 մլն դոլարի ֆինանսավորում:




























