NASA-ն ծրագրում է առաջին անգամ երկու նանոարբանյակ ուղարկել Մարս, որոնք Կարմիր մոլորակի կառուցվածքի ուսումնասիրության համար ստեղծված «Ինսայթ» գիտական սարքի վիճակի մասին տեղեկություններ են փոխանցելու Երկիր: Նանոարբանյակներն արձակվելու են 2016 թվականին, «Ատլաս 5» հրթիռակրի օգնությամբ, Կալիֆորնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայից:
«MarCO» անունը ստացած նանոարբանյակները ստեղծվել են նույն նահանգում՝ Փասադենայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գիտնականները հույս ունեն, որ արբանյակները տեղեկություններ կփոխանցեն մոլորակի մակերեւույթին «Ինսայթ»-ի վայրէջքի մասին: Դրանց հետ մշտական կապը կապահովի «Mars orbiter» զոնդը, սակայն այն չի կարող միաժամանակ ընդունել եւ փոխանցել ռադիոազդանշանները: Այդ պատճառով, NASA-ի կենտրոնը գիտական սարքի մասին տեղեկությունները կստանա մեկ ժամ ուշացումով: Ի տարբերություն դրա՝ «MarCO» երկվորյակ-արբանյակները դա կանեն առանց հապաղման:





























