Թուրքիայում տեղի են ունենում լուրջ տեղափոխություններ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի ատլանտյան ընկերակցության» տնօրեն Թեւան Պողոսյանը։ Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները փորձում են ձեւավորել պետության նոր մոդել, որը սակայն անհամատեղելի է որոշ կանխադրույթների հետ։

«Շուտով հանրաքվե կանցկացվի, որով Թուրքիան խորհրդարանական պետությունից կդառնա կիսանախագահական»,- ասաց Պողոսյանը՝ դա համարելով թուրքական վերջին անհանգստությունների հիմնական «շարժիչը»:

Փորձագետի կարծիքով, Թուրքիայում ռազմական հեղափոխություն չի լինի.

«Գործող պրոիսլամիստական իշխանության եւ ռազմական կաստայի հակամարտությունն ընդամենը իշխանության համար պայքար է։ Թուրքիայի համար շատ կարեւոր է եվրաինտեգրացման գործընթացը, որը խրախուսվում է Էրդողանի կողմից այն դեպքում, երբ զինվորականներն, ընդհանրապես, չեն սազում այդ դերում»,- հայտարարեց Պողոսյանը՝ հավելելով, որ դա անշուշտ լրացուցիչ հանգամանք կլինի թուրքական ներկայիս էլիտայի հաղթանակի համար։

Պատասխանելով այն հարցին, թե չի՞ խանգարի արդյոք թուրքական իշխանությունների կողմից որդեգրված պրոիսլամիստական ուղին, Թեւան Պողոսյանը հավաստիացրեց, որ «Եվրոպայի համար կարեւոր է երկրի ժողովրդավարացումը, իսկ մահմեդականությունը դրան ոչ մի կերպ չի խանգարում։ Այսօր Թուրքիաում կան հստակ միտումներ հասարակական կառույցները եվրոպականների հետ մերձեցնելու։ Հենց դա էլ անհրաժեշտ է Եվրոպային»,- ասաց նա։

Ինչ վերաբերվում է քրդական հարցին, ապա «Հայաստանի ատլանտյան ընկերակցության» տնօրենն  ասաց, որ այդ հարցն ամեն տարի ավելի խիստ է դրվում թուրքական իշխանությունների առջեւ։

«Եթե Թուրքիային մոտ ժամանակներս չհաջողվի հանդարտեցնել քրդական հարցը, ապա նա ավելի լուրջ խնդիրների առջեւ կկանգնի, քան այսօր է»,- ամփոփելով նշեց Թեւան Պողոսյանը։

NEWS.am-ն  ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օգոստոսի 4-ին հաստատել է զինված ուժերի նոր կազմը։

Չնայած սպասումներին՝ Գյուլը թուրքական բանակի Գլխավոր շտաբի նոր ղեկավար չի նշանակել։ Նա նույնիսկ հրաժարվել է հաստատել գեներալ Հասան Ըքսըզի թեկնածությունը ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում, որը չտեսնված բան է։