ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն այսօր՝ օգոստոսի 6-ին հայտարարել է, որ առկա են հացահատիկի համաշխարհային զգալի պաշարներ։ Չնայած մի շարք արտահանող երկրներում հացահատիկի արտադրության հետ կապված խնդիրներ են առաջացել, ՄԱԿ-ում կարծում են, որ հացահատիկի համաշխարհային շուկան կմնա առավել հավասարակշռված, քան 2007-08 թ.թ. համաշխարհային պարենային ճգնաժամի ընթացքում։ Տվյալ պահին նոր նմանատիպ ճգնաժամի բռնկման մտահոգությունները համարվել են «ոչ տեղին», քանի որ վերջին երկու տարվա ռեկորդային բերքից հետո համաշխարհային պաշարները բավարար են առաջացած դեֆիցիտը փակելու համար։

Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ը փոփոխել է հացահատիկի արտադրության կանխատեսումները՝ նվազեցման ուղղությամբ։ Նախկին 678 մլն տոննայի փոխարեն կանխատեսումը նվազեցվել է մինչեւ 651 մլն տոննա։

Հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ եթե Ռուսաստանում երաշտը շարունակվի, այդ երկրում խնդիրներ կառաջանան աշնանացանի հետ կապված, ինչը կարող է հանգեցնել այդ երկրի մասնակցության կրճատմանը 2010-11 թ.թ. համաշխարհային մատակարարումներում։