ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում օրերս մեկնարկել է Միջին Ատլանտիկ-Եվրասիական գործարար խորհրդի կողմից կազմակերպված Եվրասիական/ռուսական-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաների 20-րդ տարեկան գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացված էր դեսպանության առաջին քարտուղար Կարեն Իսրայելյանի կողմից:
Գիտաժողովը տեղի է ունենում հունիսի 11-ից 25-ը Ֆիլադելֆիայում, ապա` Նյու Յորքում: Միջոցառման հիմնական նպատակն էր` քննարկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ ԱՄՆ միջեւ գործարար կապերի ամրապնդման հեռանկարները այնպիսի նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպիսիք են բիոտեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այլն:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին վերոնշյալ բնագավառների գործարար ներակայացուցիչներ, գիտնականներ, Փենսիլվանիայի նահանգային եւ Ֆիլադելֆիայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների դիվանագետներ:
ՀՀ դեսպանության ներկայացուցիչն իր զեկույցում անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին, ապա ներկաներին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ՏՏ ոլորտի յուրահատկությունները, գրանցած հաջողությունները եւ ապագա պոտենցիալը: Հատուկ շեշտադրվեց ՏՏ ոլորտում ամերիկյան արդեն իսկ արված ներդրումների հանգամանքը, կարեւորվեց դրանց շարունակականությունն ապագայում: Որպես ոլորտում վերջին տարիներին գրանցված աննախադեպ հաջողության գրավական` բերվեց ոչ միայն Հայաստանում աշխատող եւ ստեղծագործող որակյալ մասնագետների առկայությունը, այլ նաեւ 2005թ.-ից ի վեր ՀՀ կառավարության հստակ աջակցությունը ՏՏ ոլորտին:





























