Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է Orange-ի տնօրեն Ստեֆան Ռիշարի հասցեին հնչած սպառնալիքները։ Ռիշարը սկսել էր սպառնալիքներ ստանալ Իսրայելում ծագած սկանդալից հետո, որի հետ ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
Հայտնի է դարձել, որ Ռիշարը մոտ 100 հեռախոսազանգ է ստացել, որոնց ժամանակ նրան սպառնացել են սպանել։ Ռիշարը բողոք է ներկայացրել Փարիզի ոստիկանություն, որը նրա հանդեպ քրեական գործ է հարուցել, հայտնում է NEWSru Israel-ը։
Ռիշարի շուրջ սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ Orange-ը հայտարարել էր իսրայելական «Փարթներ» բջջային կապի օպերատորի հետ պայմանագիրը խզելու մասին։ Նա այդ հայտարարությունն արել էր Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն հետո Ռիշարը հայտարարել էր, որ իրեն սխալ են հասկացել, քանի որ իր խոսքը կոնտեքստից հանած է եղել։
Հունիսի 12-ին նա մեկնել էր Իսրայել եւ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ներողություն էր խնդրել Եգիպտոսում արած հայտարարության համար։ Ռիշարը նաեւ նշել էր, որ Իսրայելում ընկերության գործողությունները բացառապես գործնական նկատառումներ ունեն եւ կապված չեն քաղաքականության հետ։





























