Գերարագ օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը հասանելի է Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն եւ Հարավ-Արեւմտյան թաղամաս վարչական շրջաններում:
Ավան եւ Նոր Նորք համայնքների երկու շենքում, որտեղ «Beeline ինտերնետ» ծառայությանը միացել են ամենամեծ թվով բաժանորդներ, Beeline-ը եւ ImYerevan.com պորտալը բարեկարգել եւ նկարազարդել են շքամուտքերը: Ծրագիրը ստացել է «Երեւանյան շքամուտքեր» Street Art անվանումը:
«Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետն արագորեն զարգանում է, եւ մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք Երեւանի բոլոր շրջաններում այն գործարկելու ուղղությամբ: Կարճ ժամանակահատվածում հազարավոր բաժանորդներ նախապատվություն տվեցին Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետին, եւ ընկերությունը որոշեց անակնկալ մատուցել իր բաժանորդներին: Մենք նկարազարդեցինք եւ բարեկարգեցինք բնակելի շենքերի շքամուտքերը եւ նախատեսում ենք շարունակել այս ծրագիրը այն շրջաններում եւ այն շենքերում, որոնց բնակիչները կընտրեն մեր ընկերության որակյալ գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այս նախագիծը կարեւոր է նրանով, որ նկարազարդման աշխատանքներին մասնակցել են շենքի փոքրիկ բնակիչները, ինչը մեզ հնարավորություն տվեց նրանց գիտակցության մեջ սերմանել պատասխանատվության գիտակցում եւ միջավայրի հանդեպ ուշադիր վերաբերմունք եւ զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը: Վստահ եմ` նկարիչների հետ մասնակցելով նկարազարդման աշխատանքներին, երեխաները հետագայում ոչ միայն մաքուր կպահեն սեփական շքամուտքը, այլ նաեւ ավելի ուշադիր կլինեն քաղաքի մաքրության հանդեպ: «Երեւանյան շքամուտքեր» ծրագիրը դարձավ Երեւանի բակերի բարեկարգման եւ նկարազարդման նախագծի յուրօրինակ տրամաբանական շարունակությունը», - նշեց ImYerevan.com կայքի ղեկավար Գայանե Մանուկյանը:
Նշենք, որ շքամուտքերի ձեւավորման նկարազարդումների պատրաստման համար օգտագործվել են հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի գեղարվեստական մոտիվները, ինչպես նաեւ քաղաքի պատմական եւ տեխնոլոգիական զարգացման գաղափարը:




























