Wikipedia-ն միջազգային համագործակցության ոլորտում արժանացել է Իսպանիայում շնորհվող Աստուրիայի արքայադստեր ամենամյա մրցանակին:

Ժյուրիի հայտարարության համաձայն, Wikipedia-ն «միջազգային համագործակցության կարեւոր օրինակ է»:

Այս տարի միջազգային համագործակցության ոլորտում մրցանակի էին հավակնում թեկնածուներ Կուբայից, Կոստա Ռիկայից, Չիլիից, Իսպանիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Նեպալից եւ Նոր Զելանդիայից:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աստուրիայի արքայադստեր մրցանակն այս տարի առաջին անգամ է շնորհվելու: Մինչ այդ, այն կոչվում էր Աստուրիայի արքայազնի մրցանակ: Այս տիտղոսը, մինչեւ գահ բարձրանալը, կրում էր պետության ներկա ղեկավար Ֆելիպեն: Հիմա իսպանական գահի ժառանգորդն ու Աստուրիայի արքայադստեր տիտղոսը կրողը նրա 9-ամյա դուստր Լեոնորն է:

1981 թվականին Իսպանիայում հիմնադրված մրցանակաբաշխության հաղթողներին Ժոան Միրոյի էսքիզով պատրաստված արձանիկ եւ 50 հազար եվրո են տալիս: