Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Հարավային Օսիայում հիշատակում են 2008-ի Հնգօրյա պատերազմի զոհերին: Օսինֆորմը հաղորդում է, որ Հարավային Օսիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվում է «Հիշատակի վառ լույսը» միջոցառումը` հանրապետության ղեկավարության, հյուրերի և հազարավոր բնակիչների մասնակցությամբ: Ելույթ է ունեցել Հարավային Օսիայի նախագահ Էդուրադ Կոկոյտին:

«Ասում են` ժամանակը սպիացնում է վերքերը, սակայն ոչ ոք և ոչինչ մեր ժողովրդի սրտում չի բուժի 2008-ի օգոստոսը: Այս օրը վրացի ագրեսորները մեր հանրապետության, մեր ժողովրդի վրա ուղղեցին արկերի տարափ: Նրանք ուզում էին Օսիայի հարավային մասը դարձնել ամայի դաշտ: Մենք դա երբեք չենք մոռանա»,- հայտարարել է Կոկոյտին: Նա շեշտել է, որ պատերազմը Հարավային Օսիան չի սկսել, սակայն դրանից պատերազմի զոհերի հարազատների և բարեկամների վիշտը չի թեթևանա: «Քանի տարի էլ անցնի և որտեղ էլ ես լինեմ, ես միշտ ներողություն եմ խնդրելու Հարավային Օսիայի համար ընկածների մայրերից: Ես ներողություն եմ խնդրում Օսիայի մայրերից, Ռուսաստանի մայրերից, որ չկարողացանք փրկել նրանց որդիների կյանքը: Մեզ համար հավերժ թանկ է լինելու այս հաղթանակը, որը մեզ տրվեց այսպիսի գնով», - ասել է Կոկոյտին:

Մոմավառությանը հաջորդել է ռեքվիեմ-համերգ` Հյուսիսային Օսիայի և Մոսկվայի երաժիշտների մասնակցությամբ;

Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանների հրետակոծությունը: Այնուհետև վրացական զրահատեխնիկան ու հետևակը սկսեցին քաղաքի գրոհը: Վրաստանի պաշտոնական հայտարարությունների համաձայն,  Հարավայի Օսիան խախտել էր հրադադարի ռեժիմը: Ցխինվալը պնդում է, որ առաջինը կրակ է բացել Վրաստանը:

2008թ. օգոստոսի 8-ին վրացական կողմին խաղաղություն պարտադրելու ռազմական գործողության շրջանակում հակամարտությանը միջամտեց Ռուսաստանը, իսկ հաջորդ օրը Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական օգնության համաձայնագրով դաշնակիցներին միացավ Աբխազիան: Հինգ օր անց Ռուսաստանը հայտարարեց ռազմական գործողությունների ավարտի մասին:

2008թ. օգոստոսի 14-ից 16-ը ռազմական գործողություններում ներգրավված պետությունների ղեկավարները ստորագրեցին վրաց-հարավօսական հակամարտության խաղաղ կարգավորման փաստաթուղթը`Մեդվեդև-Սարկոզի համաձայնագիրը: Վրաստանը հակամարտությունը սպառված չի համարում` պնդելով, թե Ռուսաստանը չի հետևել ստորագրած պայմանավորվածություններին: 

2008թ. օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան դրան` Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ, իսկ երկու հանրապետությունները հայտարարեց օկուպացված տարածքներ: Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախությունը Ռուսաստանից հետո ճանաչեցին նաև Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: