Մի ռուսաստանցի է մահացել, մասնակցելով մրցույթին, թե ով ավելի երկար կմնա սաունայում: Նա 110 աստիճանի պայմաններում սաունայում է անցկացրել 6 րոպե: Ֆիննական Հեյնոլա քաղաքում անցկացվող մրցույթին մասնակցել են տասնյակ մարդիկ: Պաշտոնական տվյալներով, եզրափակչի սկսելուց 6 րոպե անց կազմակերպիչները սաունայից դուրս են բերել գիտակցությունը կորցրած 2 մարզիկների` ռուսաստանցի Վլադիմիր Լադիժենսկուն եւ ֆին Տիմո Կաուկոնենին:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ռուս մարզիկի մահվան առնչությամբ: Ռուսական եւ ֆիննական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լադիժենսկին եւ Կաուկոնենը մոտակա հիվանդանոց են տեղափոխվել ծանր այրվածքներով:

Դրանից մեկ օր առաջ նմանատիպ մրցույթ է կայացել կանանց համար, սակայն այդտեղ ամեն ինչ նորմալ է ընթացել:

Տեղի ունեցածից անմիջապես հետո, իշխանությունները հրահանգել են դադարեցնել մրցույթը, որը տեղի է ունենում ամեն տարի` 1999-ից ի վեր: Դեռ հայտնի չէ, թե արդյոք մրցույթը տեղի կունենա՞ հաջորդ տարի: