Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պահանջը Թուրքիայի Սահմանադրական դատարանից հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը: Այս մասին հունիսի 19-ին Փարիզում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը՝ նշելով, որ դատավարական ընթացքին առնչվող մոտեցումները պետք չէ շփոթել դատի բուն նպատակի հետ:
Արամ Առաջինի խոսքով՝ իրենց նպատակն է նաեւ կաթողիկոսարանում կրոնական արարողություններ կատարելը:
«Սովորական դատ չէ մեր դատը եւ ոչ էլ հողը վերադարձնելու համար է: Մենք ցանկացել ենք պարզապես այս հայցը դարձնել մեր եկեղեցապատկան եւ ազգապատկան կալվածքների պահանջի սկզբնակետը: Հավատում ենք, որ իրավական այս քայլը նոր ուժ կա մեր պահանջատիրությանը»,- ասել է Վեհափառ Հայրապետը:
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հետ վերադարձնել Սիսի կաթողիկոսական նստավայրն ու կալվածքը, որը գտնվում է պատմական Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում:





























