Թուրքիայում իշխանությունների եւ զինվորականության միջեւ առաջացած ճգնաժամը, որը կապված էր Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատարի նշանակման հետ, հանգուցալուծվել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհուրդը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին է նշանակել ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար Ըշըք Քոշաներին, իսկ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում, անակնկալ կերպով, նշանակվել է Էրդալ Ջեյլանօղլուն։
Գլխավոր շտաբի նոր պետը ծնվել է 1945-ին Իզմիր քաղաքում, 2 երեխայի հայր է։
Ցամաքային զորքերի նոր հրամանտարը Էրդալ Ջեյլանօղլուն ծնվել է 1945-ին Կայսերի քաղաքում, մինչ նոր պաշտոնի նշանակումը հանդիսացել է Թուրքիայի 1-ին բանակային կորպուսի հրամանատարը։
Նշենք, որ արդեն քանի օր է թուրքական իշխանությունների եւ զինվորականության միջեւ հակասություններ էին առաջացել՝ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնի թեկնածուների հետ կապված։ Զինվորական թեւը առաջարկում էր այդ պաշտոնում նշանակել Հասան Ըղսըզին, ինչին հակադրվում էր իշխանությունը՝ պնդելով, որ դա անհնար է, քանի որ վերջինիս անունը անցնում է քրեական գործերով։ Իշխանություններն իրենց հերթին առաջարկել էին ժանդարմերիայի հրամանատար Աթիլա Ըշըքի թեկնածությունը, սակայն վերջինս անակնկալ կերպով հայտարարել էր, որ ինքը նախընտրում է անցնել թոշակի՝ պնդելով, թե իր այդ քայլը կապված չէ իր հանդեպ որեւէ ճնշումով։
Ի դեպ, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը հայտնի է խիստ ադրբեջանամետ դիրքորոշմամբ եւ ադրբեջանական զինված ուժերի հզորացմանն ուղղված աշխատանքներով, խրախուսում է ադրբեջանցի զինվորականների ռազմական վերապատրաստումները Թուրքիայում։



























