Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին նախազգուշացրեց, որ եթե Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեն, ապա ոստիկանությունը իրավասու կլինի նստացույցի մասնակիցներին ուժով հեռացնել Ազատության հրապարակից: Վալերի Օսիպյանն իր այս հայտարարությունը հիմնավորեց նրանով, որ իրենք տեղկություն ունեն, որ նստացույցի մասնակիցներն այսօր գիշեր պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Օսիպյանին հավաստիացրին, որ նրա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում  եւ վստահեցրին, որ եթե ինչ-որ մեկը փորձի վրան տեղադրել, իրենք անձամբ կհեռացնեն այն:

Նրանք Օսիպյանին զգուշացրին նաեւ, որ եթե ոստիկանությունը տեսնի, որ վրաններ են տեղադրել, կտրուկ քայլերի չդիմի եւ իրենց ժաանակ տա  այդ հարցը կարգավորելու համար:

Նշենք, որ նստացույցի մասնակիցների թիվը կտրուկ ավելացնել է: Նստացույցը մեծ թվով ոստիկաններ են հսկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ի հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել էր, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչեւ երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչեւ այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am