ԱՄՆ-ում հայկական լոբբիի ուժեղ դիմակայությունը կարող է պատճառ դառնալ, որպեսզի  ԱՄՆ Սենատի կողմից Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու հաստատելու գործընթացը ձգձգվի: Այս մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների եւ էթնիկ կոնֆլիկտների գծով փորձագետ, Հյուսիսային Դակոտայի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավար Թոմաս Ամբրոսիոն: Նրա խոսքով` ԱՄՆ կողմից դեսպանների նշանակումը խնդրահարույց հարց չէ: Դա սովորական ընթացակարգ է՝ որոշակի խմբերի հետաքրքրությունների ոչ էական մասնակցությամբ: «Մեթյու Բրայզայի թեկնածության դեպքում իրավիճակը բարդ է ու  վիճահարույց: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ, ինչպես ենթադրում են ԱՄՆ-ում եւ արտասահմանյան երկրներում հայկական Սփյուռքի որոշ  ներկայացուցիչներ, Բրայզան չափազանց սերտ հարաբերությունների մեջ է ադրբեջանցիների եւ թուրքերի հետ»,-նշել է փորձագետը:

Բացի այդ, ըստ նրա, Բրայզայի կնոջ ազգությունը (նա թուրք է) եւ նրա աշխատանքը Հադսոնի ինստիտուտում՝ ամերիկյան ուղեղային կենտրոնում (որոշ տեղեկություներով՝ այդ ինստիտուտը կապված է «էներգետիկ» լոբբիի հետ), ի վնաս Բրայզայի են աշխատում: Ամբրոսիոի խոսքով՝ Օբամայի վարչակազմը Բրայզային դիտարկում է որպես հարմար թեկնածու` Ադրբեջանի դեսպանի պաշտոնում, նկատի ունենալով այն, որ Բրայզան բավական լավ գիտի տարածաշրջանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի պաշտոնում աշխատանքի փորձ ունի:

«Այնուամենայնիվ, այն, որ նա այդքան երկար ժամանակ ներգրավված է եղել տարածաշրջանի իրադարձություններում, որոշ շրջանակների մոտ լուրջ անհանգստություն է առաջ բերում: Նրա փոխարեն եթե լիներ ինչ-որ նոր մարդ, ապա նրա  թեկնածությունն այդքան կասկածներ չէր հարուցի:  Հարկ է նշել,  որ ադրբեջանական կողմը նույնպես քննադատում էր Բրայզային՝ նրա Մինսկի խմբի համանախագահ եղած ժամանակ: Այնպես որ, դժվար է Բրայզային քննադատել միակողմանի լինելու համար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը Ադրբեջանի հարցում, ապա, պետք է նշեմ, որ ես չեմ հավատում, որ նման աջակցությունը կարող է  ունենալ որեւէ էական նշանակություն տվյալ կոնտեքստում: ԱՄՆ-ի հետաքրքրությունները Ադրբեջանում կարող են ներկայացվել նույնիսկ առանց դեսպանի: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ եթե նրա նշանակումը երկար ժամանակով երկարաձգվի, ապա այն կարող է խնդիր դառնալ»,-եզրափակել է փորձագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մինչեւ սեպտեմբեր հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու քվեարկությունը: Հետաձգման նախաձեռնողը եղել է սենատոր Բարբարա Բոքսերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ, սենատորներ Ջին Շահինը, Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը առանցքային քաղաքական հարցեր են բարձրացրել: Նրանք Բրայզային խնդրել են պատասխանել մի քանի կարեւոր հարցերի, այդ թվում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա ունեցած սերտ կապերի մասին: Բրայզան պատասխանել է, որ ինքը պրոֆեսիոնալ հարաբերություններ է պահպանում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնյաների հետ: Նա հավաստիացրել է նաեւ, որ իր հարսանիքը չի ֆինանսավորվել դրսից: