Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հրաժարվել է ընդունել ամերիկյան դիվանագետ Լարրի Փալմերին, որպես Կարակասում ԱՄՆ նոր դեսպանի, հաղորդում է AFP-ն: Չավեսը խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այդ պաշտոնում այլ մարդ նշանակել: Իր ամենշաբաթյա «Ալլո, նախագահ» հաղորդման ժամանակ Չավեսը հայտարարել է. «Եւ դո'ւ, Օբամա, դեռ կարծում ես, որ ես կընդունե՞մ այդ պարոնին: Ոչ դա անհնար է»: Ըստ Չավեսի, Փալմերի հրապարակային հայտարարությունները խախտում են դիվանագիտության օրենքները:
Լարրի Փալմերը մեղադրում է Վենեսուելայի կառավարությանը` Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի զինյալների հետ կապեր ունենալու մեջ: Ըստ Փալմերի, FARC-ի ղեկավարության ներկայացուցիչները երբեմն հայտնվում են Կարակասում, իսկ Վենեսուելայի տարածքում գրոհայինների ճամբարներ կան, հաղորդում է Lenta.ru-ն:
Կոլումբիայի իշխանություններ եւս Վենեսուելային կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, սակայն ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցում այդ կապը ապացուցված չի համարվել:



























