«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը պարզել է հետխորհրդային տարածքում ամենաերիտասարդ օրենքով գողերից մեկի՝ «Սերյոժա-Օսետրինա» մականունով 24-ամյա Սերգեյ Ասատրյանի ձերբակալման մանրամասները:
Հեղինակությունն իր 6 «գործընկերների» հետ շտապում էր մասնակցել մրցակիցների հետ հանդիպմանը, սակայն կայծակնային գործողությունից հետո հայտնվել է ճաղերի հետեւում: Հայաստանցիներից բաղկացած ավտոշարասյունը երթեւեկում էր Կռիլատիե Խոլմի փողոցի ուղղությամբ, բայց ոստիկանները փակել են մեքենաների ճանապարհն ու ստիպել գանգստերներին դուրս գալ մեքենաներից: Ընդհարումը կանխելու նպատակով ոստիկանները մի քանի անգամ օդ են կրակել, ինչից հետո հայ հանցագործները խելոք հանձնվել են: Խուզարկության ժամանակ ոստիկանները «Մակարով» տիպի ատրճանակ են գտել: Ձերբակալվածների գուլպաների եւ վարտիքների միջից հերոինների փաթեթներ են հայտնաբերել`մոտ 3 գրամի սահմաններում:
Վարկածներից մեկով ավազակախմբի անդամները պետք է հանդիպեին վրացիների հետ: Հայկական ավազակախմբի անդամները մայրաքաղաքում զբաղվում են բնակարանային գողություններով, ավտոմեքենաների առեւանգումներով, նաեւ զենքի վաճառքով: Հատկանշական է, որ հանդիպմանը պետք է քննարկվեր, թե ով է համակարգելու զենքի վաճառքը:
Սերգեյ Ասատրյանը քրեական մեկ այլ հեղինակության՝ «Էդիկ Թբիլիսկի» մականունով 42-ամյա Էդուարդ Ասատրյանի որդին է: Հայտնի գողի որդին թագադրվել է 2008-ին, Մոսկվայի կազինոներից մեկում՝ հայտնի «Դեդ Հասանի» եւ այլ խոշոր գողերի մասնակցությամբ:



























