Ստամբուլի Շիշլի թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհից հայազգի տարեց ամուսինների կյանքը  հրշեջները հազիվ են կարողացել փրկել։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝  օգոստոսի 8-ին Ստամբուլի Ջումհուրիյեթ պողոտայի վրա գտնվող 10 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում գտնվող մերսման սրահում էլեկտրական սնուցման սարքերից բռնկված հրդեհը տարածվել է ամբողջ շենքով մեկ։  Հրդեհի բռնկվելու ժամանակ 8-րդ հարկի իրենց բնակարանում են գտնվել հայազգի Էդմոն Ասիոն եւ նրա տիկինը։  Հրշեջների բերած աստիճաններով վեր բարձրացած փրկարարին հաջողվել է աստիճանների վրա բարձրացնել տարեց հայուհուն, սակայն ամուսնուն՝ Էդմոնին, չի հաջողվել բարձրանալ, քանի որ ծխից արդեն ուշագնաց է եղել։ Այդ ընթացքում մեկ այլ փրկարար, աստիճաններով բարձրացել է վերեւ, գրկել  Էդմոնին եւ արագ տեղավորելով հրշեջ աստիճանների վրա գտնվող հատուկ խցում՝ իջեցրել ներքեւ։

Տարեց հայազգի ամուսններին շենքի բակում անմիջապես առաջին օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել Թաքսիմի հիվանդանոց: