Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հուլիսի 15-24-ը Արգենտինայի Չակո շրջանում կայացած քանդակագործական «Չակո բիենալե 2010»-ում արժանացել է Չակոյի պատվավոր քաղաքացու կոչման եւ ստացել շրջանի կենտրոնի՝ Ռեզիստենցիայի քաղաքապետարանի ոսկե բանալին։
Օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քանդակագործն ասաց, որ մրցույթում ներկայացրել է «Գլոբալիզացիայի առաջընթացը» խորագրով քանդակը։
«Ես քանդակել էի երկու ձիեր, որոնք խորհրդանշում էին հզոր պետությունները, որոնք իրենց ուսերին տանում են գլոբալիզացիայի ողջ ընթացքը»,-ասաց քանդակագործը՝ հավելելով, որ ԱՊՀ երկրներից նա միակ ներկայացուցիչն է եղել մրցույթում։
«Չակո բիենալե 2010-ին» մասնակցել են քանդակագործներ ավելի քան 50 երկրներից։ Հետաքրքական է, որ նույն մրցույթին մասնակցել է նաեւ Թոքմաջյանի որդին՝ Վահե Թոքմաջյանը, ով ներկայացրել է Կանադան։
«Անակնկալ էր, որ տղայիս, ում 5 տարի չէի տեսել, պետք է հանդիպեի Արգենտինայում։ Երկուսիս աշխատանքն էլ գնահատվեց, երկուսիս աշխատանք էլ նկատվեց եւ ողջ ժողովուրդը, որն ամեն օր հետեւում էր բիենալեի ընթացքին, անընդհատ շեշտում էր, որ հայր ու որդի կողք կողքի ներկայացնում են տարբեր երկրներ»-,ասաց քանդակագործը։ Ի դեպ կրտսեր Թոքմաջյան էլ արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Նկարիչ-քանդակագործը նշեց, որ նրան Երեւանում չեն գնահատում , ինչի պատճառով գուցե ընդունի Ռեզիստենցիայի քաղաքապետի հրավերը եւ տեղափոխվի այնտեղ աշխատելու եւ բնակվելու։



























