18-ամյա իրանցուն մահապատիժ է սպառնում, ով մեղադրվում է հոմոսեքսուալիստ լինելու մեջ: Ըստ բրիտանական The Observer-ի, Էբրահիմ Համիդին, ով իրականում «գեյ» չէ, դատապարտվել է մահապատժի, քանի որ Իրանի դատական համակարգը թույլ է տալիս, որպեսզի դատավորի սուբյեկտիվ դատողությամբ անձը դատապարտվի հոմոսեքսուալիզմի համար` առանց ապացույցների:

Համիդիի շահերը ներկայացնում էր մարդու իրավունքների հարցով փաստաբան Մոհամադ Մոստաֆային, ով ստիպված էր լքել Իրանը, երբ հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում` Սակինե Մոհամադի Աշտիանիի գործով: Հիշեցնենք, որ այդ կինը մեղադրվում էր ամուսնական անհավատարմության մեջ եւ դատապարտվել է մահապատժի՝ քարկոծման եղանակով:

«Էբրահիմի գործը վկայում է, որ անմեղ հետերոսեքսուալ անձինք կարող են մահապատժի ենթարկվել հոմոսեքսուալիզմի կեղծ մեղադրանքով»,- ասել է Թեթչելը՝ հոմոսեքսուալիստների իրավունքների պաշտպանության OutRage լոնդոնյան խմբի հիմնադիրներից մեկը:

Համիդին ձերբակալվել է մեկ տարի առաջ Թավրիզ քաղաքում, այլ ընտանիքի անդամների հետ կռվից հետո: Նրան եւ իր երեք ընկերներին հոմոսեքսուալ հարձակման եւ բռնաբարության փորձի մեղադրանք է առաջադրվել:

Եռօրյա բանտարկությունից հետո Համիդին խոստովանել է իր մեղքը, ենթադրաբար կտտանքների արդյունքում: Անցած ամիս Համիդիի ենթադրյալ զոհը խոստովանել է, որ եղել է ծնողների ճնշման տակ եւ կեղծ ցուցմունքներ է տվել: Չնայած դրան, տեղական դատարանը պնդում է, որ Համիդին մահապատժի կենթարկվի: