Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնության կայացումը ձեռնտու է երկու կողմերի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արեւելագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, հավանական է, որ երկու կողմերն էլ ունեն քաղաքական կամք համաձայնության հասնելու համար: «Արեւմուտքի եւ Իրանի միջեւ վերջնական համաձայնության հասնելու հարցում Ռուսաստան-Արեւմուտքի հարաբերությունները նշանակություն չունեն»,-ասել է արեւելագետը:
Նրա խոսքով, անկասկած, Իրանը հմտորեն օգտվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասություններից, եւ բնականաբար, օգտագործում է դա իր շահերի համար: «Իրանի ներքաղաքական դաշտը ինչ-որ առումով բաժանվել է Արեւմուտքի հետ համաձայնագիր կնքելու կողմնակիցների եւ հակառակորդների եւ դա իրանցի բանակցողներն օգտագործում են հանուն իրենց երկրի»,-ընդգծել է Ոսկանյանը:





























