Հայաստանի խորհրդարանում հունիսի 22-ին սկսվել է Ագարակ-Քաջարան ավտոմայրուղու վերակառուցման համար Զարգացման եվրասիական բանկի վարկային համաձայնագրի քննարկումը։ Նախագիծը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Իրանի սահմանից մինչեւ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հատվածը՝ 20.5 կմ, պետք է դառնա «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասը։ Վարկի ընդհանուր գումարը կազմում է 150 մլն դոլար, օգտագործման առավելագույն ժամկետը՝ 20 տարի, տոկոսադրույքը՝ տարեկան 1.65 տոկոս, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։

Շինարարությունից զատ՝ 2 մլն դոլար կհատկացվի խորհրդատվության ու ինժեներական աշխատանքների համար, 6.85 մլն դոլար՝ չնախատեսված ծախսերի համար։ Կառավարությունը կֆինանսավորի 30.2 մլն դոլար՝ որպես հարկերի մարում, իսկ 4.5 մլն դոլար էլ՝ շինարարության նպատակներով օտարված հողերի համար։