Հայաստանի հանրային խորհուրդը օգոստոսի 9-ին քննարկելու է Ախթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ մատուցելու Թուրքիայի նախաձեռնությունը:

Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցին, որը վերանորոգվել էր 2007թ. եւ գործում է որպես թանգարան, սեպտեմբերի 19-ին կրկին կբացվի կրոնական արարողությունների համար՝ Վանի նահանգապետի եւ Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքարանի նախաձեռնությամբ: Թուրքական կողմի վստահեցմամբ, եկեղեցու գմբեթին խաչ է տեղադրվելու:

Միեւնույն ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը Թուրքիա չի մեկնելու եւ չի մասնակցելու սեպտեմբերի 19-ի պատարագին: Ինչպես հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, պատարագին կմասնակցեն երկու բարձրաստիճան եկեղեցականներ:

Սեպտեմբերի 19-ի մոտենալուն զուգահեռ, թուրքական իշխանությունները փորձում են աշխարհի ուշադրությունը հրավիրել, այսպես կոչված, «բարի կամքի» դրսեւորման վրա: Վանի տեղական Serivan թերթի տնօրեն Ազիզ Այքաչը հայտնել է, որ Վանում 6 հազար ընտանիքներ պատրաստակամություն են հայտնել իրենց տների դռները բացել հայերի առջեւ: Նա նշել է, որ օրեցօր ավելանում են նման ցանկություն հայտնողները:

Միջոցառմանը մասնակցելու համաձայնություն են տվել եվրոպական 10 թերթերի լրագրողներ: «Մենք ակնկալում ենք, որ Վան կայցելեն 10 հազար հայեր: Այդ միջոցառումը կհանի լարվածությունը հայերի եւ թուրքերի միջից»,- ասել է Այքաչն ու հավելել, որ Ախթամարը կարող է եկամտի աղբյուր դառնալ Վանի համար, եւ չպետք է ձեռքից բաց թողնել այդ հնարավորությունը: