Հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցները քիչ առաջ ինքնաբուխ նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: (ֆոտոռեպորտաժ)
Մինչեւ այդ նրանց մոտեցավ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը նույնպես փորձեց համոզել նրանց ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկն ու 3-4 հոգանոց խմբով հանդիպել նախագահի հետ՝ քննարկելու իրենց պահանջները, սակայն ցուցարարները հայտարարեցին, որ իրենք նախագահի հետ քննարկելու բան չունեն, իրենց պահանջը մեկն է՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկացնելու վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարներ կան, որոնք պատրաստվում են շարժվել դեպի Բաղրամյան 26: Նրանց դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ Զրահաբաճկոններով, վահաններով ու ռետինե մահակներով զինված ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:













