Ոստիկանությունը սպառնում է ֆիզիկական ուժ կիրառել Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցի մասնակիցների նկատմամբ։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին բարձրախոսով հայտարարել է, թե նստացույցի մանսակիցների գործողություններն ապօրինի են, եւ սպառնում է ուժ կիրառել։ նա հորդորել է ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ։ Նա նաեւ լրագրողներին հորդորել է հեռանալ եւ չխոչընդոտել իրենց գործողություններին (ֆոտոռեպորտաժ)։
Ընդ որում, ցուցարարները նշել են, որ իրենց շարքերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ եւ սադրիչներ են հայտնվել, որոնք լարվածություն են ստեղծում։ չեն բացառվում սադրանքներ լինեն։
Ոստիկանները պողոտայի սկզբնամաս ջրցաններ են բերել, տարածքում է նաու ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Ցուցարարների մի մասը նստած է գետնին, վանկարկում են «Մենք ենք տերը մեր երկրի» եւ «Ամոթ»։
Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսեցին ուժ կիրառել, ցուցարարների դեմ գործի են դրվել ջրցանները, գետնին նստած մարդկանց անխնա ջրում են։ Քաղաքացիական հագուստով եւ սեւ թեւկապներով ոստիկանները տասնյակ մարդկանց են բերման ենթարկել։
Բաղրամյան փողոցը բացելուց հետո ոստիկանները հավաքվել են Ազատության հրապարակում եւ ամբողջությամբ փակել են այն։
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը բարձրախոսով ավելի վաղ հայտնել է, որ անկախ զարգացումներից, երեկոյան ժամը 18-ին Ազատության հրապարակում հավաք է լինելու։
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:











