Իրանի մեջլիսը վերջնականապես ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի համաձայնագրի պահանջների մասին օրենքը, հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։
«Մեջլիսը հավանություն է տվել օրինագծին, որը կառավարությանը պարտավորեցնում է հարգել միջուկային ոլորտում իրանցի ժողովրդի իրավունքներն ու նվաճումները»,- հաղորդում է գործակալությունը։
Խորհրդարանի բաց նիստում օրինագիծն ընդունվել է 213 կողմ ձայնով, գրում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն օրինագծի՝ Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների արդյունքները օրենքի ուժ կունենան, եթե հաշվի առնվեն հետեւյալ պայմանները.
Միջուկային համաձայնագրի ընդունման օրը պետք է չեղյալ հայտարարվեն Իրանի նկատմամբ գործող բոլոր պատժամիջոցները
ԱԷՄԳ-ին թույլատրվելու է շարքային ստուգումներ անցկացնել միջուկային օբյեկտներում, ընդ որում, չի թույլատրվում մուտք գործել Իրանի ռազմական եւ ոչ միջուկային այլ օբյեկտներ, ուսումնասիրել այդ օբյեկտների փաստաթղթերը եւ հարցումներ անցկացնել իրանցի գիտնական ատոմագետների շրջանում։
Անընդունելի է խաղաղ միջուկային ոլորտի զարգացման ցանկացած սահմանափակում, որոնք վերաբերում են գիտահետազոտական եւ տեխնոլոգիական մշակումներին։
Մեջլիսի ընդունած օրենքը պահանջում է, որ բանակցությունների արդյունքները ուղարկվեն Իրանի խորհրդարանի քննարկմանը։





























