«Ազատության  նավատորմի» միջադեպի կապակցությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը՝ իսրայելցի նախկին դատավոր Յակով Թուրքելի նախագահությամբ, օգոստոսի 9-ին սկսել է վկաների հարցաքննությունը, որոնց թվում է նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Թեեւ ուղիղ հեռարձակումն արգելված է, սակայն Նաթանյահուն ցուցմունքներ է տալիս դռնբաց նիստում եւ նրա հայտարարություններն անմիջապես հրապարակվելու են:

Վարչապետի հարցաքննությունն սկսվել է օգոստոսի 9-ի առավոտյան: Նաթանյահուն հայտարարել է, թե Գազայի հատվածի ծովային շրջափակումը մտցվել է «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից զենքի առաքումները կանխելու համար:

Վաղը հանձնաժողովը կլսի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին եւ գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազիին:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, երբ իսրայելցի զինվորականները գրավել էին նավատորմի վեց նավերը: Արդյունքում զոհվել էին թուրքական Mavi Marmara նավի 9 ուղեւորներ: