Ճապոնիան Հայաստանին 28 հրշեջ մեքենաներ է նվիրում: Այս կապակցությամբ, օգոստոսի 11-ին, ժամը 10.00-11.30 Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 28 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Տողանի շարված հրշեջ ավտոմեքենաների մոտ Ճապոնիայից ժամանած մասնագետները կներկայացնեն հրշեջ ավտոմեքենաների տեխնիկական զինվածությունն ու առանձնահատկությունները, որից հետո հայ հրշեջ-փրկարարները ցուցադրական վարժանք կանցկացնեն: Ճապոնիայի փոխդեսպան Մանաբու Միյագավան իր ելույթից հետո հրշեջ ավտոմեքենաների խորհրդանշական փաթեթը կհանձնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Այդ ամենը կուղեկցվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախմբի խրոխտ նվագակցությամբ:
Օգոստոսի 11-ին, առավոտյան ժամը 6.00-12.00 երթեւեկության համար փակ կլինեն Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:



























