«Բիբլոս բանկ Արմենիա»-ի լրատվական ծառայությունում ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այն լուրը, ըստ որի Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը նշանակվել է «Բիբլոս բանկ Արմենիա»-ի տնօրինության նախագահ՝ փոխարինելով այդ պաշտոնում լիբանանցի Ջորջ Սֆեերին։

Նշենք, որ սույն տեղեկատվությունը լրատվամիջոցներից մեկին փոխանցել էր անձամբ Արարատ Ղուկասյանը։ Սակայն բանկի լրատվական ծառայության աշխատակիցը NEWS.am-ի հեռախոսային հարցմանը պատասխանեց, որ իրենք հանրությանը պաշտոնապես կհայտնեն այն ժամանակ, երբ նշանակումը տեղի ունենա։ Առայժմ բանկի պաշտոնական կայքէջում Արարատ Ղուկասյանի նշանակման մասին տեղեկատվություն չկա։

«Բիբլոս բանկ Արմենիան» լիբանանյան կապիտալով աշխատող ընկերություն է։ Բաժնետոմսերի 65 տոկոսը պատկանում է «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ» ընկերությանը, 25 տոկոսը՝ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկին, 10 տոկոսը՝ Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության Միջազգային Զարգացման Հիմնադրամին (OFID):

Ա. Ղուկասյանը բանկ ղեկավարելու փորձ արդեն ունի. 2007-09 թ.թ. եղել է «Կոնվերս բանկի» գործադիր տնօրենը։