Ներկայումս «Արմավիա» ընկերության բոլոր ինքնաթիռները, առանց բարդությունների իրականացրել եւ իրականացնում են թռիչքները Մոսկվա, չնայած մշուշի առկայությանը, որը բարդացնում է ինքնաթիռների վայրէջքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը:
«Առ այսօր դեպք չի եղել, որ մեր ինքնաթիռները մշուշի պատճառով հարկադիր վայրէջք կատարեն Ռուսաստանի այլ քաղաքներում: Մեր բոլոր օդաչուները մասնագիտական պատրաստվածության երրորդ կարգ ունեն եւ առանց բարդությունների իրականացնում են նախանշված վայրէջքները մշուշի պայմաններում: Ինչ վերաբերում է Երեւան-Մոսկվա չվերթների ձգձգումներին, դա տեղի է ունենում ոչ մեր մեղքով; Մոսկովյան օդանավակայաններում հաճախ հերթեր են գոյանում, ուստի մեր չվերթները որոշ ժամանակ ձգձգվում են, բայց ոչ ավելի, քան մեկ ժամ»,- ասել է Բելլույանը:
Խոսելով այն մասին, որ մշուշի պատճառով շատ ուղեւորներ հրաժարվում են Մոսկվա թռչելուց եւ ցանկանում են վերադարձնել կամ փոխել տոմսերի ժամկետը, նա նկատեց. «Սովորաբար նման դեպքերում ուղեւորը պետք է տուգանք վճարի, բայց ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, մեր ընկերությունն աննախադեպ որոշում է կայացրել եւ տուգանք չի գանձնվելու»:


























