Լվովում շարունակում են վերականգնել հայկական եկեղեցական համալիրը։ Այս տարի կվերականգնեն եկեղեցու ճակատային հատվածը, իսկ 1,5 մլն. գրիվնա գումարը կտրամադրվի քաղաքային բյուջեից։ Այս մասին օգոստոսի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյը։
«Այս տարի երկու դռների եւ ճակատային մասի վերանորոգման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 1,5 մլն. գրիվնա։ Աշխատանքները կիրականացնի «Ստելլա» ՍՊԸ-ն, որի աշխատակիցների ուժերով վերանորոգվել է հայկական զանգակատունը»-ասաց Անդրեյ Սադովիյը։ Քաղաքապետը նաեւ նշել է, որ այս տարի պետական բյուջեից ոչ մի լումա չի տրամադրվել Լվովի ճարտարապետական հուշարձանները վերանորոգելու համար։
Պատմական ժառանգության պահպանման վարչության ղեկավար Լիլիա Օնիշչենկոն հայտարարել է, որ Հայկական եկեղեցու այլ շինությունները եւս վերանորոգման կարիք ունեն։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է, հայկական եկեղեցու 3 դռներին, Լեսի Ուկրաինկի փողոցից անցմանը դեպի Հայկական փողոց, սյունը, որը պետք է վերանորոգեին պետական միջոցներով, սակայն, այն այս տարի չի վերանորոգվի, քանի որ պետական միջոցները չեն ստացվել:
Իսկ «Ստելլա» ՍՊԸ-ի տնօրեն Միխայիլ Գավրիկն էլ ասել է, որ աշխատանքները պատրաստվում են ավարտել այս տարի։
Լրագրողի հարցին, թե արդյոք կպատժվի՞ այն կազմակերպությունը, որը 2007 թվականին վնաս հասցրեց հայկական եկեղեցուն եւ զանգակատանը, Անդրեյ Սադովիյը պատասխանեց. «Մեն մեծ հույսեր ունենք։ Ուզում ենք, որ ուրիշ ընկերություններն իմանան, թե ինչ պետք չէ անել»:



























