NEWS.am-ը ներկայացնում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ում տպագրված Թյուրքեր Ալքանի հոդվածը:

«Ենթադրենք, Դուք վարչապետ եք եւ պետք է խորհրդական նշանակեք: Նախընտրո՞ւմ եք, արդյոք, Դուք այլ մտահորիզոնի մարդու: Կոմունիստը կապիտալիստին, կրոնական հայացքներ ունեցողը` աթեիստին պաշտոնի կնշանակի՞: Ոչ չի նշանակի: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի պաշտոնում Ալի Յուքսելի նշանակումը: Յուքսելը «Ազգային հայացք» եվրոպական կազմակերպության նախագահն է եւ «Շեյխ ալ-իսլամը»:

Դուք կարող եք ասել. «Բայց դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Արդյոք, Էրդողանը քաղաքականություն է մտել որպես «Ազգային հայացքի» կողմնակի՞ց: Արդյոք, Էրդողանը նախագահ Գյուլի հետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հիմնելիս ասե՞լ է, թե «մենք չենք ընդունում Ղուրանը որպես հեղինակություն»:

Ես չգիտեմ, թե ինչպես մարդը կարող է լինել շեյխ ալ-իսլամ, բայց ես տարօրինակ եմ համարում, երբ իրեն այդպիսին համարող մարդը վարչապետի խորհրդականն է:

Սա դեռ ամբողջը չէ. Խորհրդական նշանակված Յուքսելը երեք կին ունի: Ըստ իսլամի, իր բոլոր իրավունքներն օգտագործելու վճռականությամբ, պարոն Յուքսելն ասում է, որ պատրաստվում է ունենալ նաեւ 4-րդ կինը: «Ես փորձում եմ նրանց բոլորին հավասար վերաբերվել»,- ասել է նա: Հարցին, թե արդյոք, իր կանայք թո՞ւյլ են տվել նորից ամուսնանալ, Յուքսելը պատասխանել է. «Ոչ, նրանք թույլ չէին տա եւ ես պարտավոր չեմ նրանցից թույլտվություն հարցնել»:

Ես չեմ ցանկանում մտնել այլոց անձնական կյանքի մեջ, սակայն մի քանի այլ հարցեր են ինձ հետաքրքրում: Հարց առաջին. Ինչի մասին պետք է խորհրդակցի Էրդողանը Յուքսելի հետ: Երկրորդ. Հնարավո՞ր է, որ Յուքսելի հետ խորհրդակցելուց հետո, Էրդողանը նույնպես հակվի դեպի բազմակնություն: Երրորդ. Բազմակնությունը Թուրքիայի օրենսդրությամբ համարվում է հանցագործություն: Որքանո՞վ է ճիշտ, որ Էրդողանը խորհրդական է նշանակում մի մարդու, ով հանցանք է գործում: Չորրորդ. Իսկապե՞ս Յուքսելն իրեն համարում է «շեյխ ալ-իսլամ»: Հինգերերոդ. Որտեղի՞ց մենք գտնենք այդքան կին, որպեսզի ամուսանանք: Եվ վերջապես, Էրդողանը դեռ պաշտպանո՞ւմ է «Ազգային հայացքը», թե՞ ուղղակի, ծաղրում այն: