Կոլումբիան «առաջիկա ժամերին» կկարգավորի դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ, հաղորդում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի ներկայացուցչին: Բրազիլիայի նախագահին այդ տեղեկությունը հայտնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
Ներկայումս երկու պետությունների հարաբերությունները գտնվում են ճգնաժամային վիճակում: Ճգնաժամի պատրվակ էր դարձել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբների՝ Վենեսուելայում գտնվելու փաստը, որ Կոլումբիան ներկայացրել էր Ամերիկյան պետությունների կազմակերպության արտահերթ նիստում` հուլիսի 22-ին: Դրանից հետո Ուգո Չավեսը հայտարարեց դիվանագիտական հարաբերություների խզման մասին եւ կոլումբիացի դիվանագետներին 72 ժամ տվեց երկիրը լքելու համար:
Վենեսուելայի եւ Կոլումբիայի արտգործնախարարները պետք է հանդիպեն եւ հայտարարեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Խուան Մանուել Սանթոսն ու Ուգո Չավեսը մտադիր են հանդիպել օգոստոսի 9-ին Բոգոտայում: Կոլումբիայի նոր նախագահը, ում երդմնակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, այս հարցում հակված է փոխզիջումների:



























