«Հասարակական կարծիք» հիմնադրամը (FOM), ВЦИОМ-ը եւ «Լավանդա կենտրոնը» արձանագրել են, որ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վլադիմիր Պուտինի վարկանիշները տարվա սկզբի համեմատ, անկում են ապրել:

FOM-ի տվյալներով, հունվարին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին վստահում էր ռուսաստանցիների 62 տոկոսը, իսկ օգոստոսի 1-ին` արդեն 52 տոկոսը: Նման ցածր վարկանիշ Մեդվեդեւն ունեցել է 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նույնպես բավական իջել է: Նրան վստահում են հարցվածների 61 տոկոսը: Վերջին անգամ Պուտինի վարկանիշն այդքան ցածր է եղել 2006-ին: Հունվարին նրան վստահում էր հարցվածների 69 տոկոսը:

ВЦИОМ-ի տվյալները նույնպես արձանագրում են այդ միտումը: Ըստ այդմ, Մեդվեդեւի վարկանիշը 44 տոկոսից իջել է 39 տոկոսի, իսկ Պուտինի վարկանիշը` 53-ից` 47 տոկոսի: «Լավանդա Կենտրոնի» տվյալներով, Մեդվեդեւի վարկանիշը 39 տոկոսից իջել է 38 տոկոսի, իսկ Պուտինինը` 48-ից` 44 տոկոսի:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնտի Բիզովի խոսքով, ՌԴ նախագահի ու վարչապետի վարկանիշները կես տարում կարող են իջնել մինչեւ 40 տոկոս, թեեւ երկրում առկա է լոյալ հեռուստատեսություն: Նրա խոսքով, հասարակության շրջանում կա բարոյական հոգնածություն Պուտինից եւ աճում է բողոքական պոտենցիալը: