Հայաստանի կառավարությունը որոշել է խստացնել Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման նկատմամբ վերահսկողությունը։ Որոշման համապատասխան նախագիծը կքննարկվի կառավարության օգոստոսի 12-ի նիստի ընթացքում։

Նշենք, որ եվրոպական որոշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, արգելել են գոմեշի մսի ներմուծումը։ Զարգացող երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ Հայաստանը կիրառում են վերահսկողության խստացման սկզբունքը։

Գոմեշի միս Հայաստան ներկրվում է հիմնականում երշիկեղենի արտադրության համար, սակայն չի բացառվում, որ դրա մի մասը հայտնվում է սպառողական շուկայում եւ վաճառվում որպես տավարի միս։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ 2009 թ. օգոստոսին հայտարարեց, որ Հնդկաստանից Հայաստան է ներկրվում առողջության համար վտանգավոր գոմեշի միս։ Դրանից հետո Հնդկաստան գործուղվեց աշխատանքային հատուկ խումբ, որի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հնդկաստանում արտահանման ոլորտը կարգավորող համապատասխան մարմնի կողմից գոմեշի մսի արտահանման սերտիֆիկատները տրամադրվում են միս արտադրող եւ վերամշակող բոլոր կազմակերպություններին (գրանցված են մոտ 280 կազմակեպություն), եւ դրանցից ոչ բոլորն են գործում ըստ ISO ստանդարտների պահանջների եւ ոչ բոլոր կազմակերպություններում է ներդրված HACCP համակարգը: Հնդկական կազմակերպությունների մեծ մասը հնարավորություն չունի կամ չի ապահովում արտադրության ընթացքում տարրական հիգիենիայի եւ սննդի արտադրության անվտանգության նորմաները:

Միաժամանակ՝ Հնդկաստանում արտադրված մսի Հայաստան ներմուծման դեպքում ՀՀ մաքսային սահմանի վրա  լիարժեք լաբորատոր փորձաքննության հնարավորություն ներկայումս չկա, հետեւաբար՝ մսեղիքի նմուշների փորձաքննությունը պետք է պատվիրվի արտերկրում գործող լաբորատորիաներում։ Սա կառավարության համար կստեղծի  լրացուցիչ ֆինանսական խնդիրներ, որից խուսափելու համար որոշվել է Հնդկաստանում ներկայացուցչություն ստեղծել, որի հիմնական խնդիրը լինելու է տեղում գոմեշի մսի արտադրության գործընթացի եւ լաբորատոր փորձաքննության նկատմամբ հսկողության սահմանումը։

Կառավարությունը նախատեսում է նաեւ սահմանափակումներ կիրառել գոմեշի միս օգտագործող հայկական մսամթերքի ձեռնարկությունների նկատմամբ։ Նրանք պետք է ունենան մսի արտադրության ոչ պակաս՝ քան 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, առաջնային վերամշակման արտադրամաս եւ սառցարան, ինչպես նաեւ հայտնի չեն կազմակերպության ապրանքային նշանը կամ գործարար համբավը արատավորող հիմնավորված տեղեկություններ։