Իրանի փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Եվրամիության եւ ԱՄՆ-ի ճնշմամբ ընդունված ՄԱԿ-ի պատժամիջոցներին ի պատասխան՝ Թեհրանը հրաժարվում է եվրոյից եւ դոլարից՝ որպես ռեզերվ եւ որպես այլ երկրների հետ առեւտրի միջոց։ Մոհամեդ Ռահիմիի խոսքով՝ Իրանն իր արտաքին առեւտրում կօգտագործի կա'մ գործընկեր-երկրի արժույթը, կա'մ սեփական արժույթը (ռիալ):
Այս քաղաքականությունը գործնականում կիրառելու դեպքում որոշ խնդիրներ կառաջանան նաեւ հայ-իրանական տնտեսական կապերում, որոնք դոլարով են իրականացվում: Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջաանառությունը 2009 թ. կազմել է 153,4 մլն դոլար, որը մեր արտաքին առեւտրաշրջանառության 3,8 տոկոսն է: Ընդհանուր առմամբ` Իրանը Հայաստանի 7-րդ առեւտրային գործընկերն է:
Հայ-իրանական առեւտրային կապերն աչքի են ընկնում միակողմանիությամբ` Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է: 2009 թ. Հայաստանն Իրան է արտահանել 19 մլն դոլարի, ներմուծել` 134,4 մլն դոլարի արտադրանք: Քանի որ իրանական ռիալը Հայաստանում չի շրջանառվում, ստացվում է, որ Իրանը պետք է ընդունի հայկական դրամը որպես վճարման միջոց։ Եթե նման բան տեղի ունենա, հայկական դրամն անմիջապես եւ կտրուկ կարժեւորվի։
Իրանի դեմ պատժամիջոցների բանաձեւը ՄԱԿ-ն ընդունել է 2010 թ. հունիսի 9-ին։ Պատժամիջոցները տարածվում են Իրանի տնտեսության ֆինանսական հատվածի, բեռնափոխադրումների եւ սպառազինությունների մատակարարման վրա։ Ավելի ուշ, Եվրամիության ընդունած պատժամիջոցներով արգելք դրվեց նաեւ դեպի Իրան արտահանվող այն սարքավորումների վրա, որոնք նախատեսված են երկրի էներգետիկ հատվածն արդիականացնելու համար։




























