Սեւրի դաշնագիրը պատեհ առիթի դեպքում կարող է օգտագործվել Արեւմուտքի կողմից՝Թուրքիային ինչ-ինչ բաներ պարտադրելու համար: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատմաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ տարբեր երկրներ Թուրքիայի հետ ինչ-որ խնդիրներ ճշտելու պարագայում անմիջապես հիշեցնում են 1920 թվականի օգոստոսի 10-ը՝ Սեւրի դաշնագրի ստորագրման օրը: «Դա նշանակում է, որ վավերացման բացակայությունը ամենեւին չի նշանակում, որ այդ իրավական փաստաթուղթը դարձել է առ ոչինչ: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռում մի հետաքրքրական կետ կա, ըստ որի՝ Անտանտի երկրները ԱՄՆ նախագահ Վիլսոնին հանձնարարում են իրավարար վճռով գծել հայ-թուրքական սահմանագիծը եւ այն պահին, երբ նա կպատրաստի այդ փաստաթուղթն ու կներկայացնի մեծ տերություններին, այն անմիջապես իրավական ուժ է ստանալու, անկախ այն հանգամանքից, թե ամբողջական փաստաթուղթը վավերացվե՞լ է, թե՞ ոչ: Այսինքն, իրավարար վճիռը 1920 թվականի նոյեմբերի 22-ից արդեն ուժի մեջ էր»,-նշեց պատմաբանը:
Նրա խոսքով՝ Սեւրի դաշնագիրը կյանքի չկոչվեց, քանի որ Արեւմուտքը գործուն ձեւով տեր չկանգնեց այդ փաստաթղթին: «Բայց որ պատեհ առիթի դեպքում կարող է այդ փաստաթուղթը օգտագործվել՝ Թուրքիային ինչ-ինչ բաներ պարտադրելու համար, դա ակնհայտ է»,-նշեց Մելքոնյանը եւ որպես պատեհ առիթ նշեց Թուրքիայի քաղաքական շրջանակներում նկատվող, դեպի իսլամը հակվելու հանգամանքը: «Այդ հանգամանքը կարող է առաջացնել Արեւմուտքի դժգոհությունը: Նկատի ունենք այն, որ վերջին շրջանում արաբական աշխարհում Թուրքիան իրեն է վերագրել լիդերի դիրքն ու հակադրվում է Արեւմուտքին: Եւ պատահական չէ, որ սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ թուրք հասարակությունը այսօր իր համար մեկ թշնամին համարում է ԱՄՆ-ին: Հայաստանը՝ երկրորդ տեղում է»,-նկատեց պատմաբանը:
Նշենք, որ օգոստոսի 10-ին լրանում է Սեւրի պայմանագրի կնքման 90-րդ տարին: Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվել էր Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը`100.000 քմ տարածքով, որը Հայաստանի առաջին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160.000 քմ: Պայմանագրով Հայաստանը ունենալու էր ելք դեպի ծով:



























